Նոր ջերմային էլեկտրակայանի շինարարության մեջ 600 մլն դոլար կներդրվի: Կառուցման շուրջ համաձայնագրի դրույթները հավանության են արժանացել այսօրվա՝ օգոստոսի 14-ի կառավարության նիստին: Կայանը պետք է բաղկացած լինի 270 ՄՎտ հզորությամբ երկու էներգաբլոկներից, «Ջեներալ Էլեկտրիկ» գազի տուրբիններով:
Էլեկտրակայանը կկառուցի «Anaklia IEP Holding» ԲԲԸ-ը, որը պատրաստակամություն է հայտնել նաեւ իր վրա վերցնել արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանումը: «Նախագիծը Հայաստանին շատ է անհրաժեշտ: Սա խոշոր ներդրումային ծրագիր է, որը էլեկտրաէներգիայի արտահանման ուղղությամբ կընդլայնի մեր հնարավորությունները», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ կառավարությունն, իր հերթին, պատրաստ է ընկերությանը հարկային արտոնությունների եւ ներդրումների պաշտպանության երաշխիքներ տրամադրել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ճապոնիայից 400-450 մլն դոլար վարկ կվերցնի Երեւան ՋԷԿ-ի 400-450 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկի կամ 220 ՄՎտ 2 բլոկների կառուցման նպատակով:




























