Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրումն ընդլայնելու արձանագրություն են ստորագրել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության աղբյուրը, որը բանակցություններ էր վարում Անկարայում:

«Մենք արձանագրություն ենք ստորագրել: Թուրքական կողմը մեզ կներկայացնի ձեռնարկությունների ցուցակը, նրանց արտադրանքի մասին ամբողջ տեղեկատվությունը:  Խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք արտադրանքը կարտահանեն ռուսական շուկա», - ասել է գործակալության զրուցակիցը:

«Ընթացակարգերի ավարտից  եւ ՌԴ-ի կողմից ընկերությունների ուսումնասիրումից հետո դրանք կգրանցվեն Ռուսաստանի եւ ՄՄ երկրների տարածքում արտահանման թույլտվություն ունեցող ընկերությունների ռեեստրում: Ընդ որում՝ այժմ կարտահանվեն նաեւ այնպիսի ապրանքներ, որոնք նախկինում Թուրքիայից Ռուսաստան չէին արտահանվում:  Խոսքը վերաբերում է կաթնային արտադրանքին, մեղրին եւ մեղվաբուծական արտադրանքին, ինչպես նաեւ ոչ սննդային նշանակության անասնաբուծական արտադրանքին, մորթուն, կաշվին», - ասել է աղբյուրը: