Սոչիում նախագահների հանդիպումները ցույց տվեցին, որ մեր իշխանությունն այլեւս ասելիք եւ անելիք չունի, եւ տեղի է ունենում Երրորդ Հանրապետության քաղաքական վախճանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
«Ինչքա՞ն կարելի է դատարկահաճությամբ խաբել սեփական ազգին եւ քրեական լեզվով ասած՝ «սրոկ ատբիտ անել»: Ես սա կբնորոշեմ հետեւյալ կերպ` Արցախյան վիկինգները եւ Երրորդ Հանրապետության քաղաքական վախճանը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Սոչիի հանդիպումը Երրորդ Հանրապետության անվտանգության համար ոչինչ չտվեց եւ հանդիպումից հետո սահմանային գոտում եղած անդորրը ժամանակավոր է:
«Բանը հասել է նրան, որ տեղի է ունենում Երրորդ Հանրապետության վախճան, ռմբակոծում են Հայաստանի սահմանները, զոհեր ենք տալիս այստեղից, հայաթափ են լինում սահմանային շրջանները: Ի՞նչ Ղարաբաղ, կորցնում ենք Հայաստանը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի վերջին հարցազրույցին`Դավիթ Հակոբյանը Սերժ Սարգսյանին «վարչական շտրաֆ» հայտարարեց:
«Նայում եմ նախագահի ինտերվյուն. ի՞նչ է նշանակում օգտագործել թուրքական բառ` միտքը կառուցելու համար: Հանաք բառի համար նախագահին վարչական շտրաֆ եմ հայտարարում: Ի՞նչ հանաք, Աթաթուրքից էլ մեջբերում արա»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Բանախոսի կարծիքով` այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարելի է խոսել Չորրորդ Հանրապետություն ունենալու մասին:
«Այսօր այն իրավիճակն է, որի մասին ես բազմիցս խոսել էի: Կեցցե Չորրորդ Հանրապետության ծնունդը, պետք է հույսը կապել չորրորդ նախագահի հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:





























