Երեւանի քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն՝ վերջին տարիներին մայրաքաղաքի հիմնանորոգվող փողոցներում ամբողջական նորոգման է ենթարկվում նաեւ արտաքին լուսավորության ցանցը: 2014 թվականին նման աշխատանքներ կընթանան թվով 23 փողոցներում: Զուգահեռաբար, մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 1719 օբյեկտների, ներառյալ փողոցների, այգիների, արձանների լուսավորության ցանցի շահագործումն ու պահպանումը: 

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե մայրաքաղաքի  տարբեր հատվածներում ցանցի մասնակի ընդլայնման, թարմացման եւ մասնագիտական այլ բնույթի աշխատանքներ են ընթացել: Արտաքին լուսավորության ցանցի միացման օրական միջին տեւողությունը 7 ամիսների կտրվածքով կազմել է 8 ժամ: Մատենադարանից Մաշտոցի պողոտայով մինչեւ Հաղթանակի կամուրջ եւ Իսակովի պողոտան ամբողջությամբ, մինչեւ օդանավակայնի ծառուղին միջինացված լուսավորվել է 10 ժամ տեւողությամբ, իսկ ստորգետնյա անցումները լուսավորվել են շուրջօրյա:

Ներկայում տարվում են աշխատանքներ կարգավարական համակարգն ինքնաշխատ դարձնելու, նոր տեխնոլոգիաներ ներդրելու ուղղությամբ: Փորձնական սարքավորումների նմուշները տեղադրված եւ միացված են փողոցների տեղային հատվածներին եւ իրականացվում են համապատասխան դիտարկումներ: