Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Օբամայի աշխատակազմին կոչ է արել, որպեսզի ԱՄՆ-ն ղեկավար դեր ստանձնի եւ կանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ պատերազմի տանող շարժումը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: Գրասենյակի ներկայացուցիչներ Արամ Համբարյանը եւ Քեյթ Նահապետյանը անկեղծ եւ բաց քննարկում են ունեցել ԼՂ հարցով Պետդեպի ներկայացուցչի՝ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ՝ երկրի կառավարությանը կոչ անելով խոչընդոտել եւ զսպել Ադրբեջանի պատերազմի տանող անխոհեմ շարժումը: Հանդիպման ընթացքում դեսպանին է փոխանցվել ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանի նամակը, որում նշվում է, որ «նախագահ Ալիեւի նախաձեռնած վերջին սահմանային մահաբեր հարձակումների ալիքը տասնյակ կյանքեր խլեց եւ լրջորեն խաթարեց ԵԱՀԿ ՄԽ-ի կենսականորեն կարեւոր աշխատանքը»:
Խաչիկյանը նաեւ նամակում զգուշացրել է. «Ամեն ինչ մատնանշում է այն, որ այս ոչ ժողովրդավար եւ անպատասխանատու բռնակալը, եթե նրան չկանգնեցնեն, կգործի իր սպառնալիքներին համապատասխան եւ Կովկասում լայնածավալ պատերազմ կսկսի, որում կզոհվեն շատերը, ինչպես նաեւ ավերածություններ կլինեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, եւ որը, հավանաբար, կհանգեցնեն ավելի լայն եւ վտանգավոր հակամարտության»:
ANCA-ի նախագահը ամփոփել է. «ԱՄՆ-ի բավական ուժեղ ղեկավարող դերի դեպքում Մինսկի խումբը կարող է խաղաղ գործընթացը վերադարձնել հարկ եղած հուն՝ ոչ երկիմաստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմական հարձակումները եւ միջազգային քարոզչություն նախաձեռնել՝ հասնելու նրան, որ Բաքուն ընդունի ԵԱՀԿ-ի առաջարկը, որն արդեն հավանություն է ստացել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կողմից եւ վերաբերում է դիպուկահարների հեռացմանը եւ միջազգային դիտորդների թվի ավելացմանը:





























