Այս տարի Կանզասի Ազգային գվարդիան Հայաստանի հետ իր գործակցության շրջանակը ընդլայնեց եւս երկու մարդասիրական ու քաղաքացիական աջակցության նախաձեռնություններով:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե Կանզասի ազգային գվարդիայի օդուժի ներկայացուցիչների ջանքերով վերանորոգվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի դպրոցն ու բուժկետը, եւ օգոստոսի 14-ին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վ. Քլարք Փրայսը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Դարբասի համայնքապետ Մայիս Միրզոյանի հետ միասին ներկա գտնվեց դպրոցի ու կլինիկայի բացման պաշտոնական միջոցառումներին:

Բացի այդ, Կանզասի ազգային գվարդիայի KC-135 ինքնաթիռով մարդասիրական հիմունքներով Հայաստան է հասցվել Միացյալ հայկական հիմնադրամի դեղերի ու բժշկական պարագաների խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.1 միլիոն ԱՄՆ դոլար:

Մարդասիրական նախաձեռնությունները կյանքի են կոչվել Կանզասի ազգային գվարդիայի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Պաշտպանության նախարարության, Միացյալ հայկական հիմնադրամի, Կրթության եւ գիտության նախարարության եւ Առողջապահության նախարարության գործակցության արդյունքում: ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը ցանկանում է նաեւ առանձնացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Քաղաքացիական ավիացիայի վարչության ցուցաբերած օգնությունը:

Կանզասի ազգային գվարդիայի ու Ռազմական համագործակցության գրասենյակի համագործակցությունը Կանզաս նահանգի եւ Հայաստանի գործընկերության ծրագրի շրջանակում արդեն 11 տարվա պատմություն ունի: Այս տարվա աշխատանքների ծավալները, թերեւս, ամենամեծն են: Նախորդ տարիների աշխատանքները ներառել են զինված ուժերի միջեւ իրականացվող ծրագրեր , մասնավորապես՝ աջակցության ՆԱՏՕ-ի գործառնական կարողությունների հայեցակարգի հարցում, դաշտային հոսպիտալների համակարգի ձեւավորում, սերժանտական կազմի մասնագիտական զարգացում, ականազերծման աշխատանքների հետ կապված ուսուցումներ, ծանոթացում կիբերպաշտպանության հարցերին եւ իրավական ուղղվածության ծրագրեր: Կանզասի ազգային գվարդիան նաեւ աջակցել է ծրագրերի զինված ուժերի ու քաղաքացիական կառույցների միջեւ, օրինակ՝ ուսուցումներ աղետների պատրաստվածության եւ կենսաբանական անվտանգության հարցերի շուրջ: