Ռուսական շուկայում ընդլայնվում են հայկական 31 ապրանքատեսակների հեռանկարները: Կառավարության օգոստոսի 14-ի նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկած արեւմտյան 57 ապրանքատեսակներից Հայաստանն արտադրում եւ արտահանում է 37 համարժեք ապրանք, որոնցից 31-ը՝ հենց Ռուսաստան: 

Այդ 37 տեսակների արտահանումը կազմում է տարեկան 84,5 միլիոն դոլար, որոնցից 61 միլիոնը բաժին է ընկնում Ռուսաստանին: 

Նկատենք, որ պատժամիջոցների տակ ընկած ապրանքների շարքում հիմնականում մի շարք արեւմտյան երկրների գյուղատնտեսական ապրանքներ են: Իր հերթին անցյալ շաբաթ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է պահածոների գործարանների տնօրենների հետ եւ նրանց կոչ արել ավելացնել պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումը Ռուսաստան: