Jet Airways ավիաընկերության երկու օդաչուներ ազատվել են աշխատանքից, երբ հայտնի է դարձել, որ նրանց կողմից ղեկավարվող օդանավը ընթացքի ժամանակ 1,5 կմ-ով կտրուկ իջել է:

Մումբայից Նյու-Յորք թռչող ինքնաթիռը Անկարայի երկնքում  10.3 կմ-ից կտրուկ իջել է մինչեւ 8.8 կմ: Թուրք ավիադիսպետչերները արտակարգ իրավիճակի ազդանշան են ուղարկել՝ պահանջելով ինքնաթիռը բարձրացնել նախկին բարձրության: Ինչպես պարզվել է, այդ պահին օդանավի կապիտանը քնել է, իսկ երկրորդ օդաչուն iPad-ով ստուգելիս է եղել թռիչքի մասին տեղեկությունը: Ազդանշանից հետո նա արթնացրել է օդաչուին, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Երկու օդաչուները հարցաքննվել են Հնդկաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության (DGCA) կողմից: Կապիտանի խոսքով՝ իր կարճաժամետ քունը օդաչուների կողմից թույլատրված «վերահսկվող հանգստի» շրջանակներում է եղել: Արտակարգ պատահարից հետո DGCA-ը մեկնարկել է նոր օդաչուների վերապատրաստման ընթացակարգերը: