Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտուլյացիայի 69-րդ տարին լրանալու կապակցությամբ իր երկրում նշվող միջոցառմանը  նվիրատվություն է ուղարկել Տոկիոյի Յասուկունի տաճարին, որն ասիական երկրներում ճապոնական միլիտարիզմի խորհրդանիշն է, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:

Աբեն չի միացել կառավարության անդամներին, որոնք ուխտագնացություն են կատարել տաճար, քանի որ դա կարող էր բարդացնել Ճապոնիայի հարաբերությունները Չինաստանի  եւ Հարավային Կորեայի հետ:

Նշվում է, որ նվիրատվությունը վարչապետը չի ստորագրել որպես «Ճապոնիայի վարչապետ», այլ` «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ»: Աբեն գրել է, որ այդպիսով ցանկացել է  «հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Ճապոնիայի ժողովրդի եւ խաղաղության հաստատման»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարության երկու անդամ այցելել են Յասուկունիի տաճար: