ՄԱԿ-ի խաղաղապահները ծխարձակող ճայթուկներ են օգտագործել Հայիթիի նախկին նախագահ Ժան Բերտրան Արիստիդի կողմնակիցներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին Պորտ-օ-Պրենսի նրա տան մոտ։
Ավելի վաղ Արիստիդի մի քանի տասնյակ կողմնակիցներ քարերից եւ այրվող անվադողերից պատվարներ էին կառուցել՝ նախկին նախագահի կալանավորումը թույլ չտալու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օգոստոսի 13-ին դատարանը Արիստիդին կալանավորելու որոշում էր կայացրել, քանի որ վերջինս չէր ներկայացել դատական նիստին՝ իր դեմ ներկայացված կաշառակերության, փողերի լվացման եւ թմրաթրաֆիքի վերաբերյալ մեղադրանքներին պատասխանելու համար։
Արիստիդի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը դատարան ներկայանալու ծանուցագիր չի ստացել։
Ժան Բերտրան Արիստիդը մինչեւ հիմա ժողովրդականություն է վայելում երկրում, հիմնականում՝ աղքատ խավի շրջանում։





























