Երեւանցիների կոմունալ-կենցաղային խնդիրներին աջակցելու նպատակով ապրիլ ամսից մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների նորոգման աշխատանքները, որոնք, բացառությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի, ուր բազմաբնակարան բնակելի շենքեր չկան, ծավալվել են բոլոր 11 վարչական շրջաններում:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ծրագրի շրջանակում կնորոգվեն թվով 363 շենքերի հարթ եւ 378 շենքերի թեք տանիքներ: Աշխատանքներում ներառվել են այն բնակելիները, որոնք տարիների վաղեմություն ունեցող ծածկերի պատճաով ռիսկային են դարձել անձրեւաջրերի ներթափանցման տեսանկյունից:
Ծրագիրն իրականացվում է Երեւանի համայնքային բյուջեի, ինչպես նաեւ համատիրությունների եւ վարչական շրջանների համաֆինանսավորմամբ: Թեք տանիքները նորոգվում են թիթեղով եւ ազբոշիֆերներով, իսկ հարթ տանիքները պատվում են ջրակայուն իզոգամով:





























