Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախատել Արցախ մեկնելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Ռուբիկ Հակոբյանը մամուլում տարածված տեղեկությունները, թե վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ Արցախ մեկնելու փաստը «Ժառանգության» անդամներին դուր չի եկել, որակեց՝ որպես «անհեթեթություն»:

«Ինձ մոտ միշտ հարց է առաջանում, թե ինչն են շահում լրատվամիջոցները, երբ կեղծ լուրեր են տարածում: Ես կարծում եմ, որ իրենք պետք է տեղյակ լինեին, որ Հովիկ Աբրահամյանն է եկել մեզ հետ, ոչ թե մենք ենք իրենց հետ գնացել: Ես այս մասին իմ հարցազրույցներում էլ ասել եմ: Երկրորդ՝ սա 6 խմբակցությունների որոշումն է եղել դիրքեր մեկնելու եւ Հովիկ Աբրահամյանը միացել է մեզ: Երրորդ՝ այս մանկապարտեզային ինտրիգն այս կարեւոր պահին, երբ պաշտոնյաներն ու պատգամավորները պետք է լինեն սահմանին, ինչո՞ւ են փորձում ինտրիգներ գտնել, ի՞նչ են շահում, իսկ այդ տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթություն է եւ ճշմարտության հետ որեւէ կապ չունի»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը օգոստոսի 15-ին գրել էր. ««Ժառանգություն» կուսակցությունում խիստ դժգոհ են, որ իրենց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ուղղաթիռով մեկնել է Արցախ»: