Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը օգոստոսի 13-ին վնասվածք էր ստացել, երբ Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսները ցանկապատը հրել եւ գցել էին ՕԵԿ-ականների վրա, արդեն դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը:
«Հովհաննես Մարգարյանի մեջքն է վնասվել, բժիշկներն առաջարկել են վիրահատություն, սակայն պատգամավորը հրաժարվել է՝ գերադասելով դեղորայքային բուժումը: Այս պահին արդեն տանն է, վիճակը կայուն է»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ ՕԵԿ-ի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ կուսակցությունը սկսել է համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում շինարարություն իրականացնել: Արդեն մի քանի օր է՝ համալսարանի անձնակազմն ամեն օր հավաքվում է համալսարանի բակում՝ թույլ չտալով շարունակել շինարարությունը:
Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում են, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:




























