Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը համոզմունք է հայտնել, որ եվրոպացի չեչենները չեն մասնակցում եւ չեն մասնակցի Ուկրաինայի քաղաքացիական պատերազմին: Նա Լոնդոնում «Իչկերիայի նախկին ներկայացուցիչ» Ահմեդ Զաքաեւին մեղադրել է չեչեններին Դոնբասում մարտնչելու կոչ անելու համար:
«Ուկրաինայի թերթերից մեկը հարցազրույց էր վերցրել Զաքաեւից, որում վերջինս պնդել էր, որ հազարավոր եվրոպացի չեչեններ պատրաստ են միանալ Ուկրաինայի բանակին՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար: Դատարկ խոսակցություն, ավելին՝ դատարկ շատախոսություն: Ռուսաստանն Ուկրաինայի դեմ չի պատերազմում: Հետեւաբար Զաքաեւը, եթե ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ, պետք է գա Չեչնիա եւ մեր երկրին ի վնաս ինչ-որ քայլ կատարի», - Քադիրովի խոսքերն է մեջբերում Չեչնիայի կառավարության մամուլի ծառայությունը:
«Երեւում է՝ դա ցանկանում են Զաքաեւի տերերը: Բայց եվրոպացի չեչենները փաստացի բոլորը մնում են ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի նվիրյալ: Նրանք ամեն ամառ ընտանիքներով գալիս են Չեչնիա, ուրախանում իրենց հանրապետության հաջողություններով, սատարում դրա ղեկավարության բռնած ուղղությունը», - նշել է Քադիրովը:
Նա նաեւ հերքել է այն մեղադրանքները, թե Դոնբասում չեչենները կռվում են ապստամբների կողմում: Նման խոսակցությունները Չեչնիայի ղեկավարն անվանել է «էժանագին քարոզչություն», փոխանցում է gazeta.ru-ն:





























