«Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կուսակից ընկերների հետ ոչ մի կապ չունի: NEWS.am-ի հետ զրույցում նախարար դառնալու համար ՕԵԿ-ից դուրս եկած Արմեն Երիցյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են ՕԵԿ- ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարաբերություններն այդքան լարվել:
«Այս հարցով դիմեք ՕԵԿ-ին, ես այլեւս ոչ մի կապ չունեմ այդ կուսակցության հետ, տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվում»,- ասաց նախարարը:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ՕԵԿ-ականների ու Ագրարային համալսարանի անձնակազմի հարաբերությունները լարված են. նրանք փոխադարձ վիրավորանքներ եւ հայհոյանքներ են հասցնում միմյանց:
Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում են, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:





























