Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները չեն ցանկացել դիտմամբ վնասել ոստիկաններին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց Ավետիս Ավետիսյանը։

«Միլիցեքը կռիվ սարքեցին, մենք ինքնապաշտպանվել ենք, իրանք հարձակվել են մեր ընկերների վրա, մենք էլ խփել ենք։ Իրանք իրանց լկտի էին պահում։ Մենք չենք վախեցել, ոչ բերդ ընկնելուց, ոչ մահից։ Մենք մեր ընկերներով չէինք փախնում»,- հայտարարեց Ավետիսը եւ ավելացրեց. «Եթե ես ուզեի միլիցու վնաս տալ, ջեբս դանակ կդնեի, կգնայի, մասիվի այգու ոստիկան կդանակահարեի»։

Ավետիս Ավետիսյանն էլ իր ընկերների նման հայտնեց, որ միացել է Շանթ Հայրությունյանի պայքարին, քանի որ երկրում առկա խնդիրների լուծումը համարել են արժեքների հեղափոխությունը. «Հայելու մեջ նայեք, տեսեք, որ մեր վախկոտությունն է պատճառր, որ այս օրին ենք, այո, մենք ենք մեղավոր։ Մենք մեր վախկոտությունն արդարացնելու տարբեր ձեւեր ենք գտնում միշտ։ Ու վաղը մեր երեխեքն են հայտնվելու անդունդի եզրին, արժեքներն են եղել բուն պատճառը, որի համար ես ուզել եմ դուրս գալ փողոց»։

Ցուցմունքի վերջում Ավետիս Ավետիսյանը, ասաց որ թեեւ բանտում է, բայց չի  զղջում  իմ արածի համար, եւ եթե նորից հնարավորություն ընձեռնվի, հեղափոխություն է անելու:

Նշենք, որ այսօր ցուցմունք ենք տալիս ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):