Վանաձորի քիմիական գործարանի ճակատագրի մասին պետք է հարցնել կամ սեփականատիրոջը, կամ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին, որը ժամանակին զբաղվում էր այդ խնդրով: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Վանաձորի քիմիական գործարանի մասին հարցրեք սեփականատիրոջը: Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ով է սեփականատերը, դիմեք պետական ռեգիստր, ձեզ այնտեղից կպատասխանեն: Կամ հարցրեք Արմեն Մովսիսյանին, որն ինչպես ասում եք, իր նախարար աշխատելու տարիներին գործարանով զբաղվել է: Ինքս ոչ պարտավորվածություն, ոչ էլ լիազորություն ունեմ՝ զբաղվելու այս խնդրով»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Վանաձոր կատարած այցի ժամանակ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր, որ գործարանի սեփականատիրոջ մասին տեղեկություններ չկան, իր տվյալներով՝ գործերով զբաղվում է Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներն արդեն 1 տարի է՝ աշխատավարձ չեն ստանում:




























