Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին դեռ մայիսի 16-ին է ասել, որ քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների հետ կապված յուրաքանչյուր խնդրի դեպքում կարող է դիմել իրեն, սակայն առ այսօր որեւէ արձագանք չի ստացել: NEWS.am-ի հետ զրույցում նախարարը պնդեց, որ այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է:
«Նախարար նշանակվելու հենց առաջին օրերին ես այցելել եմ Վարդան Պետրոսյանին, հատուկ նաեւ այն նպատակով, որ մամուլում հաճախ հանդիպող եւ հանրությանը հետաքրքրող թեմաներից էր՝ համոզվելու համար, որ պայմանները նորմալ են եւ մտահոգվելու առիթ չկա: Վարդան Պետրոսյանի հետ անձնական զրույցի ժամանակ էլ հարցրի նրան կալանավայրի պայմաններից, եւ ինքն էլ ասաց, որ որեւէ դժգոհություն, բողոք չունի: Ես ասել եմ, որ եթե որեւէ խնդիր կլինի՝ կապված քրեակատարողական հիմնարկի պահելու պայմանների, իրավունքների հետ, խնդիրների հետ, ինքը կամ փաստաբանը կարող են դիմել: Առ այսօր որեւէ արձագանք չեմ ստացել: Եթե նման խնդիր լինի, մենք անպայման կլուծենք»,- ասաց նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, պդնել էր, որ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը մայիսի 16-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին, մինչեւ օրս միջոցներ է փնտրում դերասանին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար, սակայն չի գտնում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։





























