Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կատարվող շինարարական աշխատանքները խոչընդոտում են սեպտեմբերի 1-ին սկսվող դասերին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը:

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ 10-15 օր հետո՝ սեպտեմբերին սկսվում են դասերը, իսկ շինհրապարակում գյուղմեքենաների սրահ-լաբորատորիան է եւ մենք չենք կարողանում մեր տարածքը, որը վիճարկելի չէ, տնօրինել»,- ասաց Յուրի Մարմարյանը:

Ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էսենջյանի խոսքով՝ իրենք ՕԵԿ-ի հետ ոչ մի տարաձայնություն չեն ունեցել մինչեւ այս տարվա մայիսի 23-ը, երբ ՕԵԿ-ը աշխատանքներ է սկսել Ագրարային համալսարանին պատկանող նախկին լաբորատորիայի տարածքում:

«Մենք մեր տարածքը նրանց տրամադրել էինք ժամանակավոր, հետո նրանք ցանկապատ են շարել, ես այդ ցանկապատից այն կողմ չեմ մտել, չգիտեմ ինչ կա, եւ մեր մեջ ոչ մի տարաձայնություն չի եղել, ընդհուպ մինչեւ այս տարվա մայիսի 23-ը, երբ տեսանք, որ տանիքը նրանք քանդում են»,- ասաց նա:

Պարույր Էսենջյանը տեղեկացրեց, որ հարցին լուծում տալու համար դիմել են դատարան եւ ոչ մի քայլի չեն դիմի, մինչեւ դատարանի վերջնական վճիռը պատրաստ չլինի:  «Ամեն ինչ անհասկանալի է, ստացվում է՝ նույն տարածքը երկու սեփականատեր ունի, երկուսն էլ ունեն վկայական: Մեկը կառավարության որոշումով, որը հատկացվել է Ագրարային համալսարանին, եւ մյուսը 2008թ. ՝ քաղաքապետարանի որոշմամբ, որը հատկացվել է ՕԵԿ-ին»,- ասաց Պարույր Էսենջյանը:

Հիշեցնենք, որ Ագրարային համալսաանի դասախոսները բողոքում են համասարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում է, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ: Ագրարային համալսարանի անձնակազմի պնդմամբ՝ այդ որոշման մասին իրենք անտեղյակ են եղել, բացի այդ քաղաքապետարանը լիազորություն չուներ այդ տարածքը տրամադրելու:

Նշենք, որ նախոդ օրերին Ագրարայինի դասախոսները եւ ուսանողները բողոքի ցույցեր են անցկացրել շինհրապարակի մոտ, դրանցից մեկի ժամանակ հրելով շուռ են տվել շինհրապարակը շրջապատող ցանկապատը: