Ցանկացած հայտարարություն կարելի է անել, եթե դու դրա համար պատասխանատվություն չես կրում: NEWS.am-ի հետ զրույցում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսպես արձագանքեց Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալների հայտարարությանը, թե կալանավայրերում «անմարդկային» պայմաններ են:

«Եթե կոնկրետ խնդիր կա, պետք է կոնկրետ փաստերով, ապացույցներով ներկայացվի: Չեմ ասի, որ քրեակատարողական հիմնարկներում իդեալական վիճակ է, բայց անմարդկային պայմաններ էլ չկան, դա որ հաստատ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ների խնդիրներն այսօր ավելի շատ կապված են գերծանրաբեռնվածության հետ. «Հույս ունեմ, որ աշնանն արդեն կունենանք վերանորոգված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որը կթեթեւացնի այդ ծանրաբեռնվածությունը»:

Նշենք, որ ազատամարտիկ ամբաստանյալ Վարդան Վարդանյանը Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին հայտարարել էր, որ իր կալանավորման 9 ամիսներին նա քրեակատարողական հիմնարկում տեսել է միայն անմարդկային պայմաններ: «5 տղամարդուն 2 շիշ ջուր են տալիս, գիշերները հերթով ենք քնում, որովհետեւ տեղ չկա»,- ասել էր նա: