Երեւում է՝ Սոչիի հանդիպումը արդյունք տվեց եւ հանգեցրեց երկու կողմերից բռնության նվազմանը, ինչն արդեն լավ է: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի ավագ հետազոտող Սթիվեն Բլանկը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Ըստ նրա՝ այդ հանդիպումից ոչ ոք իրական առաջխաղացում չէր ակնկալում. «Ես ավելի քիչ սպասելիքներ ունեի, քանի որ Ռուսաստանը խաղաղության հարցում շահագրգռված չէ:; Ոչ ոք այլեւս ակտիվ դեր չի խաղում, այդ պատճառով երկու երկրների կառավարությունների վրա խաղաղության հասնելու համար արտաքին ճնշումներ չկան»,- կարծում է Բլանկը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը շահագրգռված չէ նաեւ պատերազմի հարցում: «Այն վերահսկելի լարվածություն է ցանկանում: Այսպես, Ռուսաստանը զենք է վաճառում եւ Հայաստանի, եւ Ադրբեջաննն՝ Հայաստանի տարածքում ունենալով զորքեր: Չլուծված հակամարտությունը Մոսկվային հնարավորություն է տալիս տարածաշրջանում գերիշխող ուժ մնալու»:
Խոսելով վերջին օրերին շփման գծում լարվածության սրացման մասին՝ Բլանկն ասել է, որ միջադեպերի եւ նույնիսկ պատերազմի կրկնության հավանականությունը բավական բարձր է: «Երկու կողմերն էլ զինվում են: Պատերազմի դեպքում կպարտվեն եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը: Միակ հաղթողը Մոսկվան կլինի: Ռուսաստանը ցանկացած պահի ուղղակի կամ սպառնալիքների ճանապարհով կմիջամտի եւ այս երկրները կքաշի իր ուղեծիր, այդ պատճառով էլ հիմնախնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է արագ»:
Ղարաբաղում լարվածության սրացումն ուղեկցվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լայնորեն ճնշելով: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հայտնի իրավապաշտպանների: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա Արեւմուտքի հետ հարաբերությունների վրա: Պատասխանելով հարցին՝ Բլանկը նշել է, որ դա կփչացնի Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները:
«Վաշինգտոնում շատերն են Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող եւ ԱՄՆ-ի համար ոչ մի նշանակություն չունեցող բռնապետություն համարում: Այստեղ նաեւ ԱՄՆ-ի մեղքը կա: Մենք պետք է լուրջ ընդունենք Ադրբեջանի անվտանգության շահերը, մասնավորապես՝ Ղարաբաղի խնդիրը: Եթե ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանում դադարեն ակտիվիստների եւ իրավապաշտպանների ձերբակալությունները, ինչպես նաեւ բարելավվի քաղաքական մթնոլորտը, ապա պետք է Ադրբեջանի հետ քննարկենք ոչ միայն մարդու իրավունքները, այլեւ երկրի անվտանգության հարցեր: Միայն այս դեպքում նրանք մեզ կլսեն», - կարծում է Սթիվեն Բլանկը:





























