Ուսման, աշխատանքի, գործնական հարաբերությունների իրականացման կամ ընտանիքի վերամիավորման նպատակով 90 եւ ավելի օրով Վրաստան ժամանել ցանկացողները, անկախ քաղաքացիությունից, իրենց երկրի վրացական դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական գրասենյակում պետք է համապատասխան մուտքի արտոնագիր ստանան: NEWS.am-ի հարցմանը պատասխանել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության բաժնից:

Համաձայն վրացական արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդման, Վրաստանի կառավարությունը, միգրացիայի ոլորտում գոյություն ունեցող պահանջների հաշվի առնմամբ, ազատական վիզային քաղաքականությունից աստիճանակական անցում է կատարում հավասարակշռված վիզային քաղաքականության:

«Վերոնշյալից ելնելով՝ Վրաստանում 2014թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» նոր օրենքը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առանց մուտքի արտոնագրման ռեժիմը կրկին կգործի եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի անդամ-երկրների , ԱՊՀ-ի եւ մի շարք այլ երկրների համար: Սա նախատեսում է այդ երկրների քաղաքացիների կողմից 180 օրվա ընթացքում 90 օր շարունակ առանց մուտքի արտոնագրման մուտքը Վրաստան», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, Վրաստանը Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, եւ հենց դրանով են պայմանավորված Վրաստանի վիզային քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխությունները: