Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Օրհան Զեյնալովը խնդրել է իրեն տեղափոխել Ադրբեջանի բանտ: Այդ մասին հաղորդում է «Izvestia»-ը՝ վկայակոչելով դատապարտյալի փաստաբան Վիկտոր Անիկուշկինին: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը կցանկանար պատիժը կրել հայրենիքում կամ Հյուսիսային Կովկասի գաղութներից մեկում:

«Ադրբեջանի դեսպանատունը կարող է ազդել պատիժը կրելու վայրի ընտրության վրա: Ես արդեն գնացել եմ դեսպանատուն եւ մենք այժմ խորհրդատվություն ենք անցկացնում», - նշել է Անիկուշկինը: Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե իր պաշտպանյալին չհաջողվի տեղափոխվել Ադրբեջան, ապա նա կխնդրի տեղափոխել «Հարավային Կովկասի գաղութներից որեւէ մեկը», որտեղ կլինեն նաեւ իր համերկրացիները:

Փաստաբանը հստակեցրել է, որ դատարանի վճիռը տվյալ պահին ուժի մեջ չի մտել, քանի որ վճիռը բողոքարկվել է Գերագույն դատարանում:

Հուլիսի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Զեյնալովին մեղավոր էր ճանաչել 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ եւ դատապարտել նրան 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 10-ի գիշերը Զեյնալովը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում եւ աննշան պատրվակն օգտագործելով, 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովի հետ կոնֆլիկտ է հրահրել եւ վեճի արդյունքում դանակահարել վերջինիս:

Բիրյուլեւոյում կատարված սպանությունը զանգվածային անկարգությունների էր հանգեցրել: