Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ ազատամարտիկների կենսաթոշակի 5000 դրամով բարձրացումը կապված է պետության ֆինանսական հնարավորությունների հետ։

«ՀՀ-ում ցանկացած գործունեություն՝ ուղղված ֆինանսների ավելացմանը, ամենը կատարվում է մեր հնարավորությունների սահմաններում։ Պետությունը քննարկել, գտել է, որ այդ չափով պիտի ավելանա եւ, կարծում եմ, որքանով ավելացել է, այն պետք է ուղղել մեր զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին»,- NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ազատամարտիկները վիրավորական են համարում իրենց թոշակների 5000 դրամով ավելացումը։

Նախարարը նշեց, որ ՊՆ-ն եւ կառավարությունը միասին կաշխատեն, որ հետագայում էլ ազատամարտիկների թոշակը բարձրացնեն։

Ազատամարտիկների առաջարկին, որ իրենց թոշակների բարձրացված 5000-ական  դրամները ուղղեն բանակի համար զենք-զինամթերքի ձեռքբերմանը, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է մեր սահմանային ծառայություն տանող զինծառայողների պայմաններին, այդ ամենը բարելավվում է պաշտպանության նախարարության ունեցած հնարավորությունների եւ միջոցների հաշվին, եւ մենք խնդիր չունենք»։

Նշենք, որ օգոստոսի 1-ից ազատամարտիկների կենսաթոշակը բարձրացել է 5000 դրամով, բազում ազատամարտիկներ մեր լրագրողների հետ զրույցում այդքան քիչ բարձրացումը վիրավորական են համարել: