Երեւանի քաղաքապետարանը խոստումը չի կատարում: Նման բողոք է պարունակում նամակը, որը շուրջ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանին է ուղղել Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ նամակն առաջինը չէ, բայց այս անգամ վարորդներն արդեն ուղղակիորեն բողոքում են, որ քաղաքապետարանը չի կատարում այն, ինչի մասին հայտարարում է:

«Ապրիլին հաշվարկեցին, որ ավտոբուսի կամ երթուղայինի ուղեվարձի ինքնարժեքը 200 դրամից քիչ ավելի է: Բոլորն են այդ տեսել եւ հիշում: Իսկ ի՞նչ է նշանակում: Քաղաքապետարանը, փաստորեն, խոստովանեց, որ քաղաքային տրանսպորտը պակասուրդով է աշխատում: Իսկ եթե խոստովանեց, ինչո՞ւ չի բարձրացնում ուղեվարձը: Բայց խոսքերը բավական չեն, դրանցով վարորդին աշխատավարձ չես վճարի: Իսկ վարորդներն անձնական չեն, նրանք մեզ բոլորին են փոխադրում: Դուք լավ աշխատավարձի կարիք ունե՞ք: Նրանք՝ նույնպես»,- հավելեց Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարին Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսների ու երթուղայինների ուղեվարձը 100-ից բարձրացրեց 150 դրամի, սակայն որոշումը 5 օր գործեց եւ հասարակության լայն շերտերի ճնշման ներքո չեղյալ հայտարարվեց: