Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը այսօր հայտարարել է, որ կոնյակի իրացումը համաշխարհային շուկայում, այդ թվում` հիմնական սպառման ռուսական շուկայում այս տարվա 5 ամիսների ընթացքում նվազել է 26 տոկոսով: Եթե համեմատությունը կատարվի 2008 թ. 5 ամիսների հետ, ապա անկումը 50 տոկոս է: Հակառակ դրան` ավելացել է իրացումը հայկական շուկայում:
Ռուսական շուկայում հայկական կոնյակի իրացման դժվարությունները, ըստ Ա. Գրիգորյանի, շատ բանով պայմանավորված է նրանով, որ ռուսաստանցի սպառողները վերակողմնորոշվում են դեպի առավել էժան խմիչքները: Այդ պատճառով էլ հայկական կոնյակից առավել տուժում են 3 եւ 5 աստղանի տեսակները, այնինչ առավել թանկ կոնյակների վաճառքի ծավալները մնացել են նույնը: Ա. Գրիգորյանի ներկայացրած տվյալների համաձայն` սպիրտային խմիչքների ռուսական շուկայում իրավիճակը հետևյալն է` էժան օղիների վաճառքը նվազել է 6 տոկոսով, նույնն է մնացել էժան վիսկիների վաճառքը, սակայն մոտ 14 տոկոսով ավելացել է ռուսական արտադրության էժան կոնյակների իրացումը: Վերջիններս մոտ 2 անգամ ավելի էժան են, քան հայկական ամենաէժան կոնյակները, որոնք արժեն 650 ռուբլի:
Իրավիճակը շտկելու համար Երևանի կոնյակի գործարանը նոր ռազմավարություն է մշակում ռուսական և ուկրաինական շուկաները վերանվաճելու համար: Փոփոխվելու է կոնյակների արտաքին տեսքը, գինը, իրականացվելու են մարքեթինգային այլ միջոցառումներ:




























