Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստ է նյութապես օգնել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, եթե պատգամավորներով նման որոշում կայացվի: NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այնքան էլ տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում, քանի որ զբաղված է:

«Արդեն 10 օր զբաղված էի Դիարբեքիրից ժամանած պատվիրակությունով, երեկ երեկոյան նրանց ճանապարհեցինք: Տեղյակ չեմ, որ պատգամավորները դիրքեր են մեկնում, բայց ասել եմ, որ եթե պետք լինի, ինձ էլ տեղյակ պահեն»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե հնարավոր է պատգամավորն ինքը սեփական նախաձեռնությամբ նյութական աջակցություն ցուցաբերի սահմանամերձ գյուղերի բնակչությանը՝ վերջինս նշեց, որ զբաղվածության պատճառով իրավիճակին ծանոթ չէ, սակայն եթե միասնական որոշում կայացվի օգնելու, ապա ինքը կմիանա:

Նշենք, որ ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչներ այս պահին գտնվում են Տավուշի մարզում: