Մայամիի Casa Casuarina առանձնատունը Ջանի Վերսաչեի սիրելի վայրն էր: Այստեղ նա հանգստանում էր հարազատների ու մտերիմների հետ եւ սուպերմոդելների ու նշանավոր մարդկանց մասնակցությամբ աղմկոտ երեկույթներ կազմակերպում: Այստեղ հյուրընկալվել էին նաեւ արքայադուստր Դիանան եւ Մադոննան:
13 տարի կողպված մնալուց հետո առանձնատունը կրկին բացում է դռները, սակայն՝ հյուրանոցի կարգավիճակով, հայտնում է Fashiontime-ը:
Այդ առանձնատանը մեկ օր գիշերելը կարժենա 795 դոլար: Ճիշտ է, հյուրանոցի համարները դեռ դատարկ են: Պատճառը գուցե այդ տան ողբերգական պատմությունն է (հենց այստեղ 1997 թ. աստիճանների վրա սպանվել է դիզայները), կամ էլ նախկին տիրոջ անձի նկատմամբ հարգանքը: Ջանին սիրահարված էր այդ առանձնատանը եւ աստղաբաշխական փողեր էր ծախսում այն վերանորոգելու համար (շուրջ 33 միլիոն դոլար):
Ի դեպ ասում են, որ դա հիմնական պատճառներից մեկն է, որ Versace բրենդը հայտնվել է սնանկության շեմին:
Ապահովված զբոսաշրջիկները այլ հյուրանոցներ են ընտրում՝ ավելի կենսուրախ պատմությամբ: Հյուրանոցը մեծ պահանջարկ չունի նաեւ որպես հանդիսությունների վայր, ինչպես որ հույս ունեին սեփականատերերը: Հնարավոր է, որ դիզայների մահն առանձնատունն ընդմիշտ զրկել է 90-ականների ուրախությանշնչից, որով այն հայտնի էր 90-ականներին:





























