Հայաստանի կառավարության որոշումը Սեւանա լճից բաղ թողնվող ջրի ծավալի 2014թ.-ին 25 մլն խորանարդ մետրով ավելացնելու վերաբերյալ լճի վրա բացասական ազդեցություն կգործի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիները ցույց են տվել, որ Սեւանն առողջացման ճանապարհին էր ջրի մակարդակի բարձրացման շնորհիվ: «Այժմ նման հարված չի կարելի Սեւանին հասցնել: Մենք անհանգստացած ենք, որ ոռոգման խնդիրները լուծվում են լճի հաշվին: Մենք համարում ենք, որ դա իրավիճակային լուծում է, ուստի առաջարկել եմ մասնագետների խումբ ստեղծել, որոնք համակարգված կերպով մեր խնդիրները կդիտարկեն ջրային ռեսուրսների հետ»,- նշեց Դանիելյանը: Նրա տեսակետով՝ անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ որոշումներ ընդունել: «Փորձում ենք փորձագետների խումբ ձեւակերպել, տեսնենք, հնարավոր է, ինչ-որ առաջարկություն ստանանք»,- հայտարարեց նախկին նախարարը՝ հավելելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն է աշխատել այդ խմբի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն օգոստոսի 14-ի նիստում որոշում ընդունեց Սեւանից բաց թողնվող ջրի առավելագույն ծավալը հասցնել 270 մլն խորանարդ մետրի՝ պայմանավորելով որոշումն անհրաժեշտությամբ բավարարել գյուղատնտեսական ոռոգման խնդիրները: