Բրիտանական «Sainsbury’s» սուպերմարկետների ցանցն Ուեսթ-Միդլենդսում մեծ հաջողությունների է հասնում սննդային մնացորդների կրճատման հարցում՝ դրանք կիրառելով էլեկտրաէներգիայի արտադրության համար:

Այդ արվում է հետեւյալ կերպ. սննդի մնացորդները, որոնք չեն կարող փոխանցվել պարենային բանկերին կամ բարեգործական կազմակերպություններին, բեռնատարով տեղափոխում են տեղի գործարան, որտեղ վերածում են բիո-մեթանի, ինչն էլ կիրառում են էլեկտրաէներգիայի արտադրության գործում եւ 1.5 կմ երկարությամբ էլեկտրահաղորդալարով հետ ուղարկում խանութ:

Ըստ «Kedem»-ի, այս տեխնոլոգիան թույլ է տալիս սուպերմարկետին այնքան էլեկտրաէներգիա արտադրել, որը բավական է տարեկան 2500 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

«Մենք ոչ մի թափոն աղբանոց չենք ուղարկում եւ միշտ դրանց վերամշակման նոր ուղիներ ենք որոնում,- պատմում է խանութի աշխատակիցներից Փոլ Քրյուն:- Մենք ուրախ ենք, որ առաջին ընկերությունն ենք, որն էլեկտրաէներգիա է ստանում բացառապես սեփական թափոնների հաշվին»: