Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI)-ի կողմից  «Աշխարհի մամուլի ազատության հերոս» մրցանակը ստացած Milliyet-ի  լրագրող Նեդիմ Շեները հայտարարել է, որ իր համար պատիվ է նման մրցանակ ստանալ, միեւնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայում իրեն անվտանգ չի զգում։

Hurriyet-ի փոխանցմամբ՝  Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ գրքի եւ բազմաթիվ հրապարակումների հեղինակ Նեդիմ Շեները հայտնել է, որ ինքը վախենում է իր անվտանգության համար։ «Թուրքիայում քեզ անվտանգ չես զգում։ Մամուլի ազատությունը շատ վատ վիճակում է։  Եթե Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ նյութեր գրես, կարող ես սպանվել։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է»,- նշել է Նեդիմ Շեները՝ միեւնույն ժամանակ նման մրցանակի համար շնորհակալություն հայտնելով Մամուլի միջազգային ինստիտուտի Թուրքիայի ազգային կոմիտեին։

Մամուլի միջազգային ինստիտուտի Թուրքիայի ազգային կոմիտեի քարտուղար Յարդանուր Աթադանը, նշել է, որ Դինքի սպանության գործում նման հետաքննություն իրականացման համար Շեները իսկական հերոս է։  Իր հերթին,  Մամուլի միջազգային ինստիտուտի փոխտնօրենը եւս գովասանքի խոսքեր է ասել Նեդիմ Շների հասցեին՝ նշելով, որ չնայած վտանգներին, նա վճռականորեն շարունակել է լրագրողական հետաքննությունը։

Նշենք, որ Նեդիմ Շեները Թուրքիայից 3-րդ լրագրողն է Աբդի Իփեքչիից եւ Հրանտ Դինքից հետո, ով ստացել է նման մրցանակ։
2009-ի փետրվարին հրատարակվել էր Շեների «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը, որից հետո մի խումբ ոստիկանապետեր Շեների նկատմամբ դատական հայցեր ներկայացրեցին։ Նեդիմ Շեների համար մեղադրող կողմը պահանջել էր 32 տարվա ազատազրկում, սակայն դատավարությունը գտնվում էր միջազգային հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում, եւ Շեները արդարացվեց։