Վենեսուելայի իշխանությունները 25,4 մլն բոլիվարով (մոտ 4 մլն դոլար) տուգանել են խանութների ցանցին, քանի որ վերջինիս խանութներից մեկի վճարման կետում հերթեր էին գոյացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ իշխանությունների՝ ամբողջ ցանցը տուգանվել է մեկ խանութի պատճառով, որտեղ ստուգման պահին գործում էին վճարման կետերի մոտ 40%-ը, ինչն էլ հերթերի գոյացման էր հանգեցրել։

«Մենք որոշել ենք նրանց տուգանել 200 հազար հարկային միավորով (յուրաքանչյուրը հավասար է 127 բոլիվարի)», - հայտարարել է հասարակա-տնտեսական իրավունքների պաշտպանության վարչության պետ Անդրես Էլոյ Մենդեսը։

Խանութի ստուգման պահին հերթ կանգնած առնվազն հազար մարդ էր եղել, իսկ 24 վճարակետերից միայն 9-ն էին աշխատել։

Մենդեսը սա ժողովրդի իրավունքների խախտում է անվանել։

Այժմ խանութների ցանցը, լուրջ տուգանքը վճարելուց բացի, պետք է հինգ աշխատանքային օրում բոլոր վճարակետերը բացելու արտակարգ միջոցառումների ծրագիր մշակի։