4 տարվա ընթացքում Հայաստանը հացահատիկային ինքնապահովման մեջ առաջընթաց է գրանցել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը: Նրա խոսքով՝ եթե 2010թ. ցորենի ինքնաբավության մակարդակը կազմում էր ընդամենը 33%, ապա 2014թ.-ին կկազմի 51%, իսկ 2020թ. ծրագրվում է այն հասցնել 60%-ի՝ լեռնային երկրի համար գրեթե «առաստաղին»:

Առաջընթացին հնարավոր եղավ հասնել սերմնաբուծության զարգացման ծրագրի շնորհիվ, հավելեց նախարարը: Ցորենի բերքը այս 4 տարվա ընթացքում ավելացել է մոտ 85%-ով. Եթե 2010թ. այն կազմում էր 183,5 հազար տոննա, ապա 2014թ.-ին նախարարություն կանխատեսում է 335-340 հազար տոննա: Կանխատեսել հնարավոր է մեծ ճշգրտությամբ, քանի որ բերքի 90%-ն արդեն հավաքված է, հայտարարեց նախարարը: Իսկ միջին բերքատվությունը 21,2-ից աճել է մինչեւ 32 ց/հա:

Եթե 2010թ. Հայաստանում մշակվում էր գյուղատնտեսական հողերի միայն 62%-ը, ապա 4 տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասել է 74.5%-ի:

Նախարարության ծրագրով՝ մինչեւ 2020թ.-ը 448 հազար հա գյուղատնտեսական հողերից անմշակ կմնան միայն 18-20 հազարը՝ աշխատատար, ճահճոտ հողերն ու աղուտները: «Սակայն աշխատանքի հաջորդ փուլում մենք կմտածենք նաեւ դրանց մասին», հավելեց նախարարը:

Սերմաբուծության ծրագրի առաջին անհաջողությունները՝ Ռուսաստանից սերմնացուի ներմուծումն ու Հայաստանում դրանց ակլիմատիզացիան, իրենց մասին հիշեցրին առանձնահատուկ անբարենպաստ պայմաններում՝ զառիթափ լանջերում ցանքսի ժամանակ, առանց ոռոգման: «Անհաջողությունները տհաճ էին, սակայն հատվածական եւ ընդհանուր առմամբ, մենք կարող ենք փաստել, որ մեծ առաջադրանք ենք կատարել», նշեց Կարապետյանը: