Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով երկրի հաջորդ վարչապետն է դառնալու, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավատարիմ դաշնակիցն է եւ Թուրքիայի հակասական արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետը: Այս մասին գրում է «Global Post»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Դավութօղլուի խոնարհ վարքն ու ժպիտը սխալ պատկերացում են տալիս նրա ունակությունների մասին՝ որպես կոշտ բանակցող եւ ռազմավարական մտածող, ով Էրդողանի՝ իշխանության գալուց ի վեր եղել է կառավարության սրտում: Նրա արտաքին քաղաքականությունն Անկարային բնորոշեց որպես տարածաշրջանում ազդեցիկ ուժի, սակայն վերջին ամիսներին 55-ամյա Դավութօղլուն քննադատությունների թիրախում է հայտնվել՝ Թուրքիայի վերադարձող դիվանագիտական մեկուսացման պատճառով:
Խրախուսվելով Էրդողանի կողմից, ով միշտ ձգտել է Թուրքիան համաշխարհային գերտերություն դարձնել, Դավութօղլուն ձգտել է, որպեսզի երկիրն առանցքային միջնորդի դեր կատարի Մերձավոր Արեւելքի հակամարտություններում: Այս նոր քաղաքականությունը ոչ միշտ են ողջունել: Այն մեղադրանքների պատճառ է դարձել այն մասին, որ իսլամական արմատներով կառավարությունը «նեոօսմանականություն» եւ նույնիսկ «պանիսլամականություն» է առաջ տանում՝ ձգտելով վերականգնել թուրքական ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում:
Դավութօղլուն առաջ էր տանում «զրո խնդիր» հարեւան երկրների հետ քաղաքականությունը եւ սկսեց ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, ում հետ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունի: Սակայն «արաբական գարունը» կործանեց այդ քաղաքականությունը՝ Թուրքիային կանգնեցնելով հարեւանների հետ բազմաթիվ խնդիրների առկայության առջեւ:





























