5.3 եւ 4.9 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իսլանդիայի հարավում Բարդարբունգա հրաբխի շրջանում հնարավոր ժայթքումի հետ կապված վտանգի «կարմիր» մակարդակի հայտարարումից հետո: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:09-ին: Օջախը գտնվել է ավելի քան 5 կմ խորությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը Հյոբն քաղաքից 113 կմ հյուսիս-արեւմուտք է եղել, որը գտնվում է Իսլանդիայի հարավ-արեւելքում: Իսկ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նախորդից 17 կմ հեռավորությամբ: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Հրաբխի ժայթքման կապակցությամբ «կարմիր նախազգուշացում» է հայտարարվել ավիաընկերությունների համար: Հիշեցնենք, որ 2010թ. եւս մեկ իսլանդական հրաբխի ժայթքումը վեց օրով խափանել էր Եվրոպայի մեծ հատվածի օդային հաղորդակցությունը եւ ավիաընկերություններին էական վնաս էր հասցրել:
Անցած մի քանի օրվա ընթացքում Բարդարբունգայի շրջանում մեծ թվով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Իսլանդիայի իշխանությունները հրաբխի մոտակա շրջաններից տարհանել են բնակչությանն ու փակել ճանապարհները:





























