Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են սմարթֆոնների ազդեցությունը 12-ամյա դպրոցականների վրա ու պարզել, որ դրանք երեխաներին զրկում են մյուսներին հասկանալու կարողությունից:
Դեռահասների նոր սերունդը սովոր է մտքերն արտահայտել «սմայլ»-երի միջոցով. բավական է ընտրել մեկ կամ մի քանի գրաֆիկական պատկեր, որպեսզի վիրտուալ ընկերները հասկանան զրուցակցի զգացմունքները:
Թվում է՝ դա ավելի հեշտ է, քան հույզերի մասին գրելը, սակայն գիտնականները պնդում են, որ զգացմունքներն այդ կերպ արտահայտելը երեխաներին զրկում է մյուսներին հասկանալու հնարավորությունից: Այս մասին գրում է բրիտանական «Daily Mail»-ը:
Հետազոտողները 11-12 տարեկան դպրոցականների շրջանում փորձ են անցկացրել՝ առաջարկելով հասկանալ լուսանկարում պատկերված մարդկանց հույզերը: Դեռահասներին դեմքի երջանիկ, տխուր, զայրացած արտահայտություններով 48 լուսանկար են ցույց տվել, հետո խնդրել են բացատրել իրենց տեսած զգացմունքները: Նրանց նաեւ դերասանների մասնակցությամբ հոլովակներ են ցուցադրել ու առաջարկել են նկարագրել հերոսների հույզերը:
Ըստ «FedPost.ru»-ի, վերլուծելով մասնակիցների պատասխանները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ դպրոցականները, ովքեր 5 օրով զրկվել են սմարթֆոններից, առաջադրանքն ավելի լավ են հաղթահարել, քան նրանք, ովքեր շարունակում էին օգտվել գաջեթներից:
Գիտնականներն արդյունքները նշանակալի են համարում՝ ընդգծելով, որ փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը 5 օրվա ընթացքում:




























