Հայաստանի պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հունիսի 17-ի կեսօրին մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու 14-րդ Միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, պատվիրակության կազմում են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այցի շրջանակներում այսօր՝ ժամը 18-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նախագահների եռակողմ հանդիպումը կլինի թվով վեցերորդը: Նման ձեւաչափով առաջին բանակցությունները կայացել են 2008թ. նոյեմբերի 2-ին՝ Բարվիխայում, երկրորդը գրեթե մեկ տարի առաջ՝ 2009թ. հունիսի 4-ին՝ Սանկտ-Պետերբուրգում՝ կրկին տնտեսական համաժողովի շրջանակներում: Վերջին հանդիպումը կայացել է Սոչիում՝ այս տարվա հունվարին:
Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:
Աշխատանքային այցը կտեւի մինչեւ հոնիսի 19-ը:




























