Երեւանում գտնվող «Միկա» մարզադաշտը կանցնի Հայաստանի ֆինանսների նախարարությանը, եթե մինչեւ աճուրդի ավարտը՝ ոչ մի գնորդ չհայտնվի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց`ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երեւանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը եւ ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:
Նշենք, որ մարզադաշտն աճուրդի էր հանվել Միկա Բաղդասարովին պատկանող եւ սնանկացած «Արմավիա» եւ «Միկա Քորփորեյշն» ընկերությունների հարկային պարտավորությունների պատճառով:
Մարզադաշտը պետությանը կփոխանցվի 9 մլրդ 45 մլն դրամի դիմաց: Դրանից 7 մլրդ 172 մն դրամը կուղղվի «Արմավիայի» (365,3 մլն դրամ) եւ «Միկա Քորփորեյշն»-ի հարկային պարտքերի փակմանը, իսկ 1 մլրդ 508 մլն դրամը ունեցվածքի փոխանցման ԱԱՀ-ն է:
Հիշեցնենք, որ մարզադաշտն աճուրդի էր ըհանվել օգոստոսի 25-ին, մեկնարկային գինը կազմում է 9 մլրդ դրամ: Աճուրդի վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է:




























