Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 18-ին կայցելի ԱՄՆ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Սպիտակ տանը կընդունի սեպտեմբերի 18-ին», — ասված է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստի հաղորդագրությունում:

Ըստ նրա՝ այցը ցույց կտա Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային՝ վերջինիս ժողովրդավարության, անկախության եւ  կայունության» ձգտումների հարցում:

Հանդիպմանը Օբաման մտադիր է գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիները, ինչպես  նաեւ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված ջանքերի սատարումը:

ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում ճգնաժամի թեժացման համար, բայց ԱՄՆ-ն չի նախատեսում ռազմական գործողությունների դիմել ուկրաինական խնդրի լուծման հարցում, եւ Ռուսաստանի հետ զինված հակամարտությունը չի դիտարկվում: