Ուկրաինայի Գլխավոր շտաբը երկրի արեւելքում ծրագրում է պարտիզանական շարժում ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լիսենկոն:

Նա հավելել է, որ արդեն ընտրվել են պարտիզանական ջոկատների հրամանատարները:

Լիսենկոյի խոսքով՝ նախնական տվյալներով՝ Ուկրաինայի տարածքում 10-15 հազար ռուս զինվորականներ են գտնվում: Նա չի կարողացել հստակ թիվը նշել, «քանի որ ամեն օր մեր տարածք ռուսական զորքեր են մտնում»:

Լուգանսկում նրանք նույնիսկ չեն թաքցնում իրենց հեծանակները, ՌԴ ԶՈՒ-ին պատկանելիությունը, միջանցքներ են կազմակերպում, որոնցով անցնում են տեխնիկայով, «կենդանի ուժով» եւ զինամթերքով զինված շարասյուները», - ընդգծել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչը՝ նշելով, որ միայն վերջին օրերի ընթացքում ռուսական զինված ուժերի միանգամից  4 գումարտակային-տակտիկական խմբեր ներխուժել են Ուկրաինայի տարածք: