Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 150 դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 145 եւ 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաեւ բերքի ծավալները : Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000  տոննա խաղող,  մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի  նախորդ տարվա մակարդակը:  Անցյալ տարի մթերվել է  167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է  եւ կազմում է մոտավորապես  200 000 տոննա:  Երեւանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները եւս որդեգրեն , անցնեն  երկարատեւ պայմանագրերի կնքմանը եւ օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել  է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է նաեւ, որ սեպտեմբերի 8-ից մյուս գործարանները եւս  մթերումներ կիրականացնեն, իսկ սեպտեմբերի 10-ից բոլոր գործարաններում  կսկսվի  խաղողի մթերումները:  Որոշ մթերողներ պատրաստակամություն են հայտնել ընդունել  անսահմանափակ քանակությամբ խաղող:

Սերգո Կարապետյանը լիահույս է,  որ մթերումը սահուն կընթանա եւ մինչեւ վերջին կիլոգրամ  խաղողը կմթերվի: