ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին աշխատանքային հանդիպում է  ունեցել երեք տասնյակից ավելի ճանապարհաշինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարարն անդրադարձել է ոլորտին առնչվող մի շարք խնդիրներին, այդ թվում` ճանապարհների շահագործման, սպասարկման եւ պահպանման, պայմանագրերի, կատարելագործման, տեխնիկական հսկիչների պատասխանատվության բարձրացման:

Նա կազմակերպությունների ներկայացուցիչների հորդորել է վերականգնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում պետությանը հասցված վնասները, հակառակ դեպքում կբարձրացվի հետագա ծրագրերում որպես անբարեխիղճ գործընկեր նրանց մասնակցության նպատակահարմարության հարցը:

Մ. Վարդանյանը արտահայտելով իր դիրքորոշումը նշել է, որ ճանապարհների պահպանման, սպասարկան եւ հիմնանորոգման  խնդիրները պետք  է լինեն ամենօրյա ուշադրության կենտրոնում  եւ ներկայացրել է նախարարության կողմից այդ հարցի կանոնակարգմանն ուղղված նոր կարգը: Տեղեկացվել է, որ այսուհետ ճամփեզրերին մալուխների եւ ջրագծերի կառուցման թույլտվությունները կտրվեն ճանապարհաշինարարական կազմակերպությունների հիմնավորումների հիման վրա:  Մ.Վարդանյանը  շինարարներին զգուշացրել է ուշադրություն դարձնել շինարարական մատյաների վարմանը, տեխնիկական հսկիչների նշումներին:

Շինարարների կողմից բարձրացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորման հարցը, ինչին ի պատասխան, նախարարը հայտնել է, որ այդ հարցով արդեն դիմել է ՀՀ կառավարությանը: