Դաշնային կառավարությունը չի հանդուրժի ինքնակոչ «շարիաթի ոստիկանության» գործողությունները Գերմանիայում եւ համապատասխան քայլեր կձեռնարկի:
«Շարիաթը գերմանական հողում անթույլատրելի է: Ոչ ոքի չի թույլատրվում չարաշահել ոստիկանության բարի համբավը»,- Bild թերթին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դը Մեզյերը:
Իր հերթին արդարադատության նախարար Հեյկո Մաասը ընդգծել է, որ Գերմանիան իրավական պետություն է: Սա նշանակում է, որ իրավունքների եւ օրենքների պահպանման պատասխանատվությունը կրում է բացառապես պետությունը, ոչ թե ինչ-որ ինքնակոչ «շարիաթի ոստիկանությունը»:
Զուգահեռ, ապօրինի արդարադատությունն անթույլատրելի է, ասել է նախարարը:
Նախօրեին Վուպերտալի փողոցում հերթապահում էին արմատական իսլամիստները՝ վառ նարնջագույն բաճկոնակներով, որոնց վրա գրված էր «շարիաթի ոստիկանություն»:
Բարոյականության պահպանման ինքնակոչ հսկիչները հայտարարել էին «շարիաթով կառավարվող գոտիների» ստեղծման մասին: Նրանց բաժանած թռուցիկներում ներկայացված էին շարիաթի կանոնները՝ ալկոհոլ օգտագործելու, ազարտային խաղերի, երաժշտության, համերգների, թմրանյութերի արգելք եւ այլն, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Միաժամանակ, Վուպերտալի դատախազության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքային իշխանությունները երկընտրանքի առաջ են. կրոնական խորհուրդների տարածումը պատժի ենթակա չէ:
Միջոցներ կարող են ձեռնարկվել միայն այն դեպքում, եթե հարկադրական գործողություններ լինեն: Այդ պատճառով իրենց «շարիաթի ոստիկանություն» հռչակած 19 - 33 տարեկան իսլամիստները չէին ձերբակալվել հիմքեր չլինելու պատճառով:





























