Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Մասուդ Միրզային: Ընկերությունն իրականացնում է վարկային ծրագրեր մի շարք երկրներում:

Հանդիպման նպատակն էր ընկերության կողմից Հայաստանում վարկային ծրագրերի իրականացման հնարավորության քննարկումը: 

«Այսօր Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ ակտիվացել է համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկուստեք կազմակերպվել են բիզնես-ֆորումներ, իսկ շուտով Երեւանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, ինչը նոր հարթակ կհանդիսանա հայ-ավստրիական տնտեսական համագործակցության զարգացման համար», - ողջունելով հյուրերին նշել է նախարարը: 

Իր հերթին Մասուդ Միրզան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ առաջարկել է ճշգրտել ընկերության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, որից հետո Ավստրիայից Հայաստան կգործուղվեն համապատասխան մասնագետներ` տեղում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Զրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ կարելի է իրականացնել համագործակցություն: Դրանց թվում են կաթիլային ոռոգման եւ հակակարկտային ցանցերի համակարգի ներդրումը, փակ եւ կիսափակ ցիկլով գործող ձկնաբուծարանների համար ժամանակակից սարքավորումների տրամադրումն, ինչպես նաեւ խորհրդատվական համակարգի կատարելագործումը:

Հանդիպման ավարտին պարոն Միրզան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել է այցելել Ավստրիա, ինչին ի պատասխան նախարարը տեղեկացրել է հյուրին առաջիկայում Ավստրիա նախատեսվող այցի մասին` երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: