«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել հանուն Հայաստանի առողջության։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդը, որը երեկվանից հացադուլ է սկսել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
ԱԻՄ առաջնորդի խոսքով, հացադուլն իր առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
«Իմ առողջությանը չի վնասի հացադուլը, եթե ճիշտ հացադուլ ես անում, վտանգ չի ունենա, այլապես՝ մեր պապերը ծոմ չէին պահի: Ես դա անում եմ երկրի առողջության համար»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները հասկանալու եւ լուծելու համար հարկավոր է ԱԻՄ-ականներին բնորոշ հոտառություն ունենալ եւ անցնել ԱԻՄ-ի դպրոցը. «Միայն հոտառություն ունեցող, ԱԻՄ-ի դպրոցն անցած մարդիկ են մտածում, որ մեր երկրի խնդիրները չպետք է այնքան խորանան, մինչեւ դանակը ոսկորին հասնի, եւ հետո միայն միջոցներ ձեռնարկեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
«Խաչակիր» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը, որը նույնպես մասնակցում էր հավաքին, հայտարարեց, որ իրենք հավաքվել են, որպեսզի հույս եւ ճանապարհ ցույց տան հուսալքվածներին. «Այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր մտահոգված են Հայաստանի ճակատագրով, իսկ նրանք, ովքեր բացակայում են, ուղղակի հուսալքված են»:
Հավաքված մոտ 30 ԱԻՄ-ականներ վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան»՝ ծածանելով Հայաստանի եւ Եվրամիության դրոշները։ Նրանք իրենց հետ բերել էին «Սերժ Սարգսյան, ստրկացիր ինքդ. հայ ժողովուրդը ազատ է ապրելու» գրությամբ պաստառ:
ԱԻՄ-ականներն այնուհետեւ երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ հանձնելու Պարույր Հայրիկյանի ուղերձը ՀՀ նախագահին, որտեղ ԱԻՄ առաջնորդը ներկայացրել է իր հացադուլի մանրամասները։





























