Mail.ru-ի շուրջ 4.7 մլն օգտատերերի գաղտնաբառերը համացանցում հասանելի են դարձել: Այս մասին տեղեկացնում է «Խաբրախաբր» առցանց-պարբերականը:
«Համացանցում հայտնվել է Mail.ru-ի փոստային ծառայության e-mail հասցեների բազան՝ գաղտնաբառերով: Այդ բազայում 4.664.478 գրառում կա: Բազայի արդիականությունը ստուգված չէ, սակայն հաշվի առնելով «Յանդեքս»-ի փոստի հետ կապված իրավիճակը՝ պատմության նման շարունակությունն անհավանական չի թվում»,- կայքի հաղորդագրությունն է մեջբերում «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
«Այսօր բավական լայնորեն տարածված e-mail հասցեների բազայում «Յանդեքս»-ի փոստարկղերից գաղտնաբառերով հասցեներ են տեղակայվել: Այդ բազան տեքստային փաստաթղթի տեսքով է»,- տեղեկացրել է օգտատերը: «Խաբրախաբր»-ի հեղինակը նշել է, որ հայտնաբերել է նաեւ «Յանդեքս»-ի իր փոստարկղի գաղտնաբառը:
Միաժամանակ, «Յանդեքս»-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ 85% գաղտնաբառերը կա՛մ այնպիսի հասցեներինն են, որոնք մի քանի տարի չեն օգտագործվել, կա՛մ ստեղծվել են ռոբոտների կողմից: Մնացած 15% օգտատերերի գաղտնաբառերն ընկերությունը զրոյացրել է, որպեսզի փոխեն դրանք:




























