Վաշինգտոնը Ռուսաստանի տնտեսության ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածների դեմ հնարավոր պատժամիջոցների խորացման եւ ընդլայնման նոր միջոցներ է նախապատրաստում: Այս մասին սեպտեմբերի 9-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Ընդ որում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Հարֆը նշել է, որ Սպիտակ տունը Եվրամիության հետ սերտ համակարգման մեջ է:

«Մենք պատրաստ գործիքներ ունենք, մենք համաձայնեցնում ենք այդ համալիրը, սակայն ցանկանում ենք որոշում ընդունել այն հիմքի վրա, որը տեղի է ունենում առաջիկայում»,- հավելել է Հարֆը:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ռուսական տնտեսության մի շարք հատվածների դեմ պատժամիջոցներ են սահմանել: Ի պատասխան՝ Մոսկվան սահմանափակել է իր դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներից ներկրումը. ԱՄՆ, ԵՄ անդամ երկրներ, Կանադա, Ավստրալիա եւ Նորվեգիա: Արգելք է սահմանվել տավարի, խոզի, թռչնի մսի, ձկան, բանջարեղենի, մրգերի, կաթնամթերքի եւ այլ մթերքների համար: