Մալայզիայի պաշտպանության նախարար Հուսեյն Հիշամուդդինը Դոնբասում մալայզիական Boeing-ի վթարի քննության նախնական արդյունքները բնորոշել է որպես «շատ լավ»:
Սեպտեմբերի 9-ին Նիդեռլանդները նախնական զեկույց էր հրապարակել Մալայզիայի Boeing-ի վթարի մասին: Փորձագետները հաստատել էին, որ օդանավը քանդվել է թռիչքի ժամանակ՝ «կառուցվածքային վնասվածքների պատճառով, որոնք առաջացել են բազմաթիվ բարձրէներգետիկ օբյեկտների արտաքին ազդեցության հետեւանքով», սակայն դեռ չի հաջողվել հաստատել այդ օբյեկտների աղբյուրը:
«Քննության արդյունքները շատ լավն են: Ես Մոսկվա եմ եկել անմիջապես Կիեւից եւ այժմ հանդիպելու եմ արտգործնախարարի տեղակալի հետ: Ես կստանամ երկու կողմերի տեսակետները, եւ այդ տեղեկությունը իմ ակնկալիքներից ավելին է», — ասել է Հիշամուդդինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Չորեքշաբթի Հիշամուդդինը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է Մալայզիային անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել վթարի պատճառները պարզելու համար: Ըստ նրա՝ ողբերգության պատճառների քննությունը պետք է դառնա համաշխարհային հանրության սեփականությունը:
Վթարի պատճառների վերջնական եզրակացությունները պետք է հրապարակվեն վթարից հետո մեկ տարվա ընթացքում, սակայն ժամանակահատվածը կարող է խմբագրվել՝ «կախված քննության ընթացքից»:





























