Սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական եւ արդյունավետ: Նա հատկապես կարեւորեց դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին:
Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաեւ համայնքային ոստիկանության ներդրման, կադրային փոփոխությունների եւ կադրերի վերապատրաստման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ հարցերի:
Ջոն Հեֆեռնն իր հերթին կարեւորեց ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը, նշելով, որ դա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, եւ այդ առումով անհրաժեշտ է բնակչության պատշաճ իրազեկումն ու համապատասխան աջակցության ցուցաբերումը:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը եւ բարդությունը՝ քրեական հետախուզությունում ստեղծվել է անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչություն:
Այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի պատասխանատվության դաշտում, իսկ արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը: «Բարեփոխումների գործընթացն անշրջելի է,- ասաց ոստիկանության պետը,- ու որքան էլ թե՛ ներսից, թե՛ դրսից առկա է որոշ ուժերի դիմադրություն, ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հրապարակային գործունեություն, որովհետեւ վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձեւավորման՝ իր հանձնառության մեջ»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջոն Հեֆեռնը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի ոստիկանության հետ կայացած գործընկերությունը շարունակվելու եւ ընդլայնվելու է:
Կողմերը քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:





























