Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն աշխարհում չի ճանաչում մի քաղաքական գործչի, որը հայտարարում է, թե ինքը քաղաքականություն է մտնում անձնական շահի համար։

«Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի եւ գործչի ես չեմ ճանաչում»,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին այսպես արձագանքեց Շարմազանովը։

Լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր չեն հայտարարել, սակայն այնուհետեւ ապացուցվել է, որ անձնական շահերի համար են մտել քաղաքականություն, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց.  «Հարցը կոնկրետ ձեւակերպեք։ Համենայն դեպս մենք շատ դրական քայլեր ենք ձեռնարկել եւ հենց այդ քայլերի համար է, որ մենք մնում ենք ամենազդեցիկ քաղաքական ուժը»։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ինքը քաղաքականություն չի մտել անձնական շահի համար, այլ ժողովրդին օգնելու եւ աջակցելու համար։